Արցախը՝ բանակցային ձևաչափում. ինչպե՞ս է դա եղել

Լեռնային Ղարաբաղը եղե՞լ է արդյոք կարգավորման բանակցությունների լիարժեք կողմ: Երբ ասվել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակություն, ի՞նչ են դրա տակ հասկացել Երևանի, Բաքվի, Ստեփանակերտի իշխանությունները և միջազգային հանրությունը: Եթե Արցախը եղել է բանակցությունների լիարժեք կողմ, ապա ե՞րբ է դուրս մնացել:



Այս և նմանօրինակ հարցերը կրկին շրջանառվում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և ինքը բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախի իշխանություններին:


Հարցին անդրադառնանք միջազգային փաստաթղթերով և ժամանակագրային կարգով:


Ղարաբաղյան հակամարտության առաջին միջազգային փաստաթուղթ կարող ենք համարել Ժելեզնովոդսկի հուշագիրը, որը ստորագրվել է 1991թ. սեպտեմբերի 23-ին ռուսական այս քաղաքում:


1991թ. սեպտեմբերի 20-23-ը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինի ու  Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած միջնորդական առաքելությունը այցելեց Բաքու, Ստեփանակերտ և Երևան, հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարության հետ: Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին ստորագրվեց Ժելեզնովոդսկի հուշագիրը, որի տակ դրված են Բորիս Ելցինի, Նուրսուլթան Նազարբաևի, Այազ Մութալիբովի և Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունները:


Փաստաթղթի վերջում գրված է, որ հուշագրի քննարկմանը մասնակցել են նաև Ջաֆարովը, Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը: Վագիֆ Ջաֆարովը ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներին, Լեոնարդ Պետրսյանը Արցախի այդ օրերի թիվ մեկ պետական պաշտոնյան էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ ոչ պաշտոնական առաջնորդը:


Դատեցեք ինքներդ՝ Ժելեզնովոդսկի հուշագրով Արցախը բանակցային գործընթացի մաս կազմե՞լ է: Եթե այո, ապա կարո՞ղ ենք հերքել, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև ադրբեջանական համայնքից Շուշիի ներկայացուցիչը:


1992թ. մարտի 24-ին Հելսինկիի ԵԱՀԿ խորհրդի լրացուցիչ հանդիպման շրջանակներում փաստացի ստեղծվեց Մինսկի խումբը, ավելի ճիշտ՝ Մինսկում անցկացվելիք խորհրդաժողովին մասնակից երկրների խումբը: Ահա այդ երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիա և Սլովակիա, Շվեդիա:


Երկրների կազմում չկա Լեռնային Ղարաբաղը: Եվ չէր էլ կարող լինել, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Արցախը ճանաչված չէ, անգամ՝ Հայաստանի կողմից:


Բայց փաստաթղթում նաև ասվում է. «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»:


Ուշադրություն դարձրեք երկու իրողության վրա: Առաջին, Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները որպես շահագրգիռ կողմ են հրավիրվում և դա արվում է պետությունների հետ խորհրդակցությունից հետո, երկրորդ, ակնհայտ է, որ հրավիրվում են ինչպես հայերը, այնպես էլ՝ ադրբեջանցիները: 1992-ին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ ասելով՝ հասկացվում էր այն օրերի Գերագույն խորհուրդը, որի նախագահը Արթուր Մկրտչյանն էր: Այլ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի ունեին Շուշիի քաղաքային իշխանություններին, այն ժամանակ՝ Նիզամի Բահմանովին:


1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Ե՛վ ԵԱՀԿ-ի ու նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի, և՛ զուգահեռաբար ընթացող Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը, ինչը հաջողվեց 1994-ի մայիսին` գերազանցապես Մոսկվայի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում Ստեփանակերտը հրաժարվում էր բանակցություններին մասնակցելուց, քանի որ նախ չէր հստակեցվում նրա կարգավիճակը, երկրորդ` «ղարաբաղյան կողմ» անվան տակ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը նկատի ունեին «Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները»: Երևանի, անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներից հետո միայն Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում:


Մայիսյան անժամկետ զինադադարից հետո մինչև 1996թ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Բայց պետք է հիշել, որ Ադրբեջանը երբեք չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը որպես բանակցությունների կողմ, և այդ պատճառով անդադար վեճեր էին լինում: Լավագույն դեպքում Ադրբեջանը ճանաչում էր՝ պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը ունենա համայնքային կազմ՝ հայեր և ադրբեջանցիներ, ինչը նույնքան և կտրականապես անընդունելի էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար:


Այս բանակցությունների ընթացքում չէր քննարկվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ հիմնականում զինված հակամարտության հետևանքների վերացումը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ:


Բանակցությունների սեղանի շուրջ վիճում էին մի կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` Ադրբեջանը: 1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, Ռուսաստանը և Արևմուտքը միասնական դիրքորոշում որդեգրեցին և պաշտպանեցին կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: Կարգավորման հարցում ներկայացվեց երեք-կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը:


Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում օգտվեց վետոյի իրավունքից: 1997թ. գարնանը, երբ  Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի լիսաբոնյան երեք սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չեն ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:


Մի կարևոր հանգամանք ևս. բանակցությունների ողջ պատմության ընթացքում՝ սկսած անգամ 1988-ից, միշտ էլ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հանդիպումներ: Ավելին, 1995-1996թթ․ եղել է բանակցային մեկ այլ ձևաչափ, երբ քննարկումներ էին ընթանում Հայաստանի և Ադրեջանի նախագահների խորհրդականների, տվյալ դեպքում՝ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև: Այդ ձևաչափը վերակագնելու փորձ արվեց նաև 2000-ականների կեսերին: Երևանի և Բաքվի ներկայացուցիչներ նշանակվեցին փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանն ու Արազ Ազիմովը:


Ամբողջական այստեղ


скачать dle 11.0фильмы бесплатно


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել ARARAT NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ


  • Գովազդային Գործակալություն FMG | 091 75 00 75

    Հարակից նյութեր

    Մեկնաբանություններ